Թբիլիսիում` խորհրդարանի շենքի մոտ, հերթական բողոքի ցույցն է իրականացվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դեմ՝ «Ռուսաստանը ահաբեկչական պետություն է» խորագրով։ Ցույցին վեր են պարզվել մանկական կոշիկներ և տարբեր բովանդակության պաստառներ։
Բողոքի ցույցին, որն իրականացվել է հուլիսի 24-ին, մասնակցել ենն ուկրաինացի և վրացի ակտիվիստներ, ինչպես նաև «Ժամանակն է» և «Ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հավաքը նախատեսված էր պատերազմի 5–ամսյակի կապակցությամբ։
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն ամեն օր տեսնում է, թե ինչպես են զոհվում հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչներ, ինչպես են այրվում քաղաքներ ու գյուղեր, ինչպես է ցեղասպանություն կատարվում, և ոչնչացվում մեր կյանքը։
Արդեն հինգ ամիս է, ինչ Ռուսաստանը նպատակաուղղված և դաժանորեն ոչնչացնում ու ահաբեկում է Ուկրաինան, գրավում քաղաքներ, խոշտանգում քաղաքացիներին, սպանում երեխաներին», — նշել են ցույցի կազմակերպիչներն իրենց ելույթներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը շարունակվում է առ այսօր։
Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ՝ պատերազմն արդեն խլել է հազարավոր խաղաղ բնակիչների կյանքեր։