Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Տեղեկությունը տարածում է վարչապետի աշխատակազմը:
Նշվում է, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահն Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ ողջույն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ եղբայրական ժողովուրդ, բարեկամ պետություն է, և Վրաստանը գնահատում է երկու երկրների միջև գոյություն ունեցող եղբայրությունն ու բարեկամությունը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր մեծ հարգանքը Ձեր հանդեպ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում։ Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Վրաստանում։ Հիշում եմ՝ մենք հանդիպել ենք մի քանի տարի առաջ, շատ դրական զրույց ունեցանք, ուրախ եմ, որ այսօր կրկին այցելեցիք մեզ՝ Թբիլիսիում», — նշել է Ղարիբաշվիլին:
Հանդիպմանը Ալլահշուքյուր Փաշազադեն ընդգծել է Վրաստանի վարչապետի ներդրումը երկու երկրների եղբայրական և բարեկամական հարաբերություններում։
«Շնորհակալություն Ձեր թանկարժեք ժամանակը մեզ տրամադրելու համար։ Մեր նախորդ հանդիպումը անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում, և, իհարկե, ողջունում եմ Ձեզ։
Մինչ այցի մեկնարկը կապ հաստատեցի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով խնդրեց Ձեզ փոխանցել իր ջերմ ողջույնները։
Ես քաղաքական գործիչ չեմ, բայց միանշանակ ուշագրավ է այն փաստը, որ Կովկասում այս երկու հարևան երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական և այլ ուղղություններով», — նշել է Փաշազադեն:
Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Վրաստանի կառավարության կողմից մահմեդական համայնքին աջակցելու ուղղությամբ իրականացվող տարբեր միջոցառումներին։
Նշվել է նաև, որ Վրաստանը մուսուլմանների օգտագործմանն է հանձնել 228 մզկիթ, ինչպես նաև 1300 քառ. մետր հողատարածք Թբիլիսիում՝ «Համայն Վրաստանի մահմեդական վարչության» կենտրոնական գրասենյակի կառուցման համար։ Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 300 մզկիթ։