Հուլիսի 20-ին Վրաստանը հյուրընկալել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը։ ԵԽ-ի պատվիրակները մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնեն Թբիլիսիում։
Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան։ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման արարողությունը, փոխանցում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպմանը քննարկվել է Վրաստան-Թուրքմենստան հարաբերությունների խորացումը և երկու երկրների համատեղ նախագծերը։
Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը կարևորում է Թուրքմենստանի հետ սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Քննարկվել է Վրաստանի և Թուրքմենստանի տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերը և դրանց հետագա զարգացումը։
Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։ Նա կնոջ հետ հրապարակած տեսանյութում հրաժեշտ է տվել Վրաստանի ժողովրդին։
Կարլ Հարցելի խոսքով՝ Վրաստանը եզակի երկիր է և ունի եվրոպական հեռանկար։
TikTok սոցիալական ցանցում Ալադաշվիլիի կլինիկայի բուժքրոջ օգնական Թոռնիկե Գուլիսաշվիլիի տարածած տեսանյութը քննադատության մեծ ալիք է բարձրացրել կանանց իրավունքների պաշտպանների, տարբեր հասարակական կազմակերպությունների շրջանում։
Տեսանյութը, որում Գուլիսաշվիլին ներկայացրել է քնաբեր դեղամիջոցը՝ բացատրելով, թե ինչպես կարելի է այն օգտագործել բռնաբարության նպատակով, կանանց իրավունքների պաշտպանները գնահատում են որպես հանցագործություն հրահրող քայլ։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը շարունակում է Աբասթումանիի շրջանցիկ 16 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը։ Նախարարության տեղեկատվության համաձայն՝ ներկա պահին ճանապարհի 7 կմ հատվածում ընթանում է 3 նոր կամուրջների շինարարությունը։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի խոսքով՝ Աբասթումանիում կառուցվող շրջանցիկ ճանապարհը, որի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականը, հնարավորություն կտա առողջարանային համալիրի լիարժեք զարգացմանը։
Վրաստանում օգոստոսի 1-ից արդարադատության տներում կամ համայնքային կենտրոններում ամուսնության ձևակերպման ծառայությունը (հանդիսավոր կարգով ամուսնության արարողության անցկացում) կարժենա 75 լարի (25 դոլար)՝ 50 լարիի (17 դոլար) փոխարեն։
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը համալրվեց ևս մեկ խաչքարով, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը: Խաչքարի բացումը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 12-ին:
Տեղեկության համաձայն՝ այն նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցու, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում տեղ են գտել ազգի արժանավոր հայորդիների տապանաքարերը: