Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպմանը քննարկվել է Վրաստան-Թուրքմենստան հարաբերությունների խորացումը և երկու երկրների համատեղ նախագծերը։ Այս մասին նշված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Վարչապետը նշել է, որ Վրաստանը կարևորում է Թուրքմենստանի հետ սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Քննարկվել է Վրաստանի և Թուրքմենստանի տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերը և դրանց հետագա զարգացումը։
Հանդիպման հատուկ ուշադրություն է դարձվել համատեղ ռազմավարական նախագծերի իրականացմանը, որը կբարձրացնի Ասիայի և Եվրոպայի միջև Կասպից և Սև ծովերով բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը՝ դրանով իսկ ընդլայնելով առևտրատնտեսական հարաբերությունները և նպաստելով միջտարածաշրջանային կապերի զարգացմանը։
Ըստ տեղեկության՝ Վրաստանը մեծ ներդրումներ է կատարում նոր ճանապարհների և երկաթգծերի կառուցման, ծովային նավահանգիստների թողունակության ընդլայնման համար, իսկ Վրաստանի տարածքով դեպի Սև ծով միջանցքի օգտագործումը ձեռնտու կլինի նաև Թուրքմենստանի համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերությանը։