Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց այցը Թբիլիսի սկսել են նախագահի հետ հանդիպումից։ Օրակարգային հարցերը վերաբերում են Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կատարման հարցով տարեկան զեկույցին և Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ընթացքին։
«Այցը տեղի է ունենում մեզ համար շատ կարևոր պահի, Վրաստանի համար նման պատմական պահեր քիչ են եղել: Այս այցը կարող է որոշիչ լինել Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Այս պահին շատ կարևոր է լսել ԵԽ պատգամավորների կարծիքը Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ»,- ասել է նախագահը։
Համատեղ ճեպազրույցում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերը, ասել է, որ Վրաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին գլխավոր խնդիրը մնում է քաղաքական ուժերի միջև բևեռացվածության հաղթահարումը։
«Ես տիկին նախագահի հետ քննարկել եմ, թե որքան կարևոր է համախմբել բոլոր քաղաքական ուժերին, մի կողմ դնել տարաձայնությունները և գործել կառուցողական՝ նպատակին հասնելու համար, այն է՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։ Ցավոք, երբ խոսում ենք Վրաստանի մասին, մեկ բառ է հնչում, դա քաղաքական բևեռացումն է»,- ասել է Մակալիստերը։
Այցի շրջանակներում պատվիրակության անդամները կհանդիպեն նաև Վրաստանի հանրային պաշտպանին, հասարակական հատվածի, ինչպես նաև գործադիր իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունը գլխավորում է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերը։
Կարդացեք նաև՝