TikTok սոցիալական ցանցում Ալադաշվիլիի կլինիկայի բուժքրոջ օգնական Թոռնիկե Գուլիսաշվիլիի տարածած տեսանյութը քննադատության մեծ ալիք է բարձրացրել կանանց իրավունքների պաշտպանների, տարբեր հասարակական կազմակերպությունների շրջանում։
Տեսանյութը, որում Գուլիսաշվիլին ներկայացրել է քնաբեր դեղամիջոցը՝ բացատրելով, թե ինչպես կարելի է այն օգտագործել բռնաբարության նպատակով, կանանց իրավունքների պաշտպանները գնահատում են որպես հանցագործություն հրահրող քայլ։
«Անզգայացված անձի նկատմամբ ցանկացած արարք, հատկապես սեռական բռնություն գործադրելը բացահայտ հանցագործություն է։ Ցավոք սրտի, այս տեսանյութում նա գովազդում է այն, ինչն անընդունելի է։ Հատկապես այն պատճառով, որ նա բժշկական կենտրոնում է աշխատում, կարող է միայնակ մնալ հիվանդի հետ, նա վտանգավոր է հասարակության համար»,- լրատվամիջոցների հետ զրույցում նշել է «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար, փաստաբան Անա Արգանաշվիլիին։
Գուլիսաշվիլին երեկ՝ հուլիսի 19-ին հրապարակված տեսանյութում խորհուրդ է տվել՝ եթե կինը հրաժարվում է սեռական հարաբերության մեջ մտնել, լուծումը քնաբեր օգտագործելն է։
Դեղամիջոցը, որը Գուլիսաշվիլին ներկայացրել է իր հետևորդներին, օգտագործվում է անզգայացման ժամանակ, իսկ երբ մարդն այն մեծ չափաբաժնով է ստանում, խորը քուն է մտնում։ Դեղամիջոցը ընդունելուց հետո, մարդու մոտ լինում է ամնեզիա, այսինքն՝ ոչինչ չի հիշում, կամ արթնանալուց հետո հիշողությունը շատ թույլ է լինում։