Անցած շաբաթվա ընթացքում (10.07-17.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 812 նոր դեպք։
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում վիրուսի տարածման դեպքերի կտրուկ աճ չի գրանցվել։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի պատճառով ոչ նպատակային հոսպիտալացման դեպքում բժշկական ծառայությունների ծախսերը չեն փոխհատուցվի։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սադախլոյի» և «Կարմիր կամրջի» մաքսային անցակետերում մաքսային ծառայողները Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ս.Ա.-ին և Օ.Ի.-ին պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր:
Վրաստանում երկրորդ ամիսն անընդմեջ էլեկտրաէներգիայի արտահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։
2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8 477,4 մլն դոլար:
Ղազախստանի կառավարությունը նախատեսում է ավելացնել հացահատիկի, մասնավորապես՝ ցորենի և ալյուրի արտահանումը և աշխատում է նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։ Առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է կովկասյան տարածաշրջանը և, բնականաբար, Վրաստանը։
Քվեմո Քարթլիի նոր այցեքարտը և տեղական բիզնեսի խրախուսանքը՝ Kass Land-ը, բացվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ Ծալկայի մունիցիպալիտետի Դաշբաշ գյուղում և արդեն ավելի քան 30 հազար այցելու է հյուրընկալել։
TBC Capital-ի հետազոտության տվյալներով՝ բնակարանների վարձավճարները դեռևս աննախադեպ բարձր են, իսկ լարիի փոխարժեքը շարունակում է ամրապնդվել, ինչը դրականորեն է ազդում Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի շուկայի վրա։
Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը, այսպես կոչված` «Դեզերտիրների շուկա»-ի և «Կայարանի հրապարակ» մետրոյի կայարանի շրջակայքից ապամոնտաժել է վաճառասեղանները:
Եվրոպական հանձնաժողովի առաջարկների հիման վրա աշխատանքը շարունակվում է։ Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ապաօլիգարխացման հարցով առաջին աշխատանքային հանդիպումը:
Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան Թբիլիսիի վերաքննիչ դատարանում մասնակցել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի դատավարությանը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի շրջաններ կատարած այցի ժամանակ նվեր է ստացել կղաբալախ (արևմտյան Վրաստանում գլխաշոր է տղամարդկանց ու կանանց համար) և սվանական գլխարկ։
Ռուս բլոգեր և լրագրող Ալեքսեյ Ռոմանովի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
Վրաստանի բնապահպանական վերահսկողության վարչությունը հուլիսի 19-ին զգուշացրել է քաղաքացիներին, որ գյուղատնտեսական նշանակության հողերում բանջարեղենային թափոններ այրելու դեպքում կտուգանվեն 500-1 300 լարիի չափով։
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,8281 լարի, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2,8994 լարի։
Եվ վերջում՝ մինչև հուլիսի 25-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ժամանակ առ ժամանակ` քամի: