Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր։ Դրանց թվում ընդգծվել են հարաբերությունները տնտեսության ոլորտում։
«Այստեղ ընդգծվել են Ուզբեկստանի Հանրապետության և Վրաստանի միջև բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում նշվել է, որ վերջին տարիներին Վրաստանի ուղղությամբ զբոսաշրջային հոսքերն աճել են, ինչպես նաև ավելի ու ավելի են զարգանում տնտեսական հարաբերությունները Վրաստանի և Ուզբեկստանի միջև։ Ընդգծվել է, որ Վրաստանը Ուզբեկստանի համար կարևորագույն տրանսպորտային միջանցքներից է։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ երկրի լոգիստիկ կենտրոնի դերն ուժեղացնելու նպատակով Վրաստանը մասնակցում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցման և վերակառուցման, Սև ծով-Կասպյան տրանսպորտային երթուղիներ նախագծերին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Արիպովի կարծիքով` Վրաստանի վարչապետի այցը Ուզբեկստան կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում։