Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կարլ Հարցելի հետ։
Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը։
Նշվել է վերջին տարիներին ձեռք բերված զգալի առաջընթացը և երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելը պատմական որոշում էր, և Եվրոպական խորհուրդը և ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաստատեցին, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Կարլ Հարցելին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Վրաստանի եվրոպական ուղուն ցուցաբերած անսասան աջակցության համար։
Վարչապետն ընդգծել է Հարցելի նշանակալի ներդրումը Վրաստանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ։