Աբխազիան համամիտ է Մոսկվայի նախաձեռնությանը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան համամիտ է Ժնևում միջազգային քննարկումների ձևաչափն ու վայրը փոխելու Մոսկվայի նախաձեռնությանը։ Դրա մասին նա հայտարարել է Աբխազիայում Ռուսաստանի նոր «դեսպանին»՝ Միխայիլ Շուրգալինի հետ հանդիպման ժամանակ։

«Իրավիճակը մեր տարածաշրջանում բավականին լարված է։ Ժնևում քննարկումները ներկայումս ընդմիջված են ոչ թե մեր ցանկությամբ, այլ` Վրաստանի և արևմտյան մասնակիցների։ Մենք նախաձեռնում ենք փոխել քաղաքականապես ծանրաբեռնված Ժնևի հարթակն այնպիսի վայրով, որտեղ բոլոր մասնակիցները կունենան աշխատանքի համար հավասար հնարավորություններ և պայմաններ՝ ներառյալ Աբխազիան»,- ասել է Արձինբան։

Արձինբան նույնպես իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։

«Տեսնում ենք, որ հատուկ գործողությունը հաջող է ընթանում, առաջադրանքները կատարվում են։ Մենք զարգացնում ենք հարաբերությունները հանրապետությունների հետ (խմբ. նկատի ունի դե ֆակտո Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները], նրանց հետ պատրաստում ենք համապատասխան պայմանագրեր։ Մենք այս աջակցությունը կշարունակենք ապագայում»,- հավելել է Արձինբան։

Ի դեպ, Շուրգալինը նախկինում եղել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության փոխտնօրենը, որը ղեկավարում էր Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև օկուպացված Աբխազիան ու Հարավային Օսիան։