Երկօրյա այցով Վրաստան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտոնական այցն այս պահին ընթացքի մեջ է: Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարար հանդիպել է իր վրաց գործընկերոջը: Նախարարները ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2017 թվականի ծրագիրը՝ հետագա համագործակցութան հիմնական ուղղությունների որոշ մանրամասների ներկայացմամբ: Պաշտպանության ռազմավարական ծրագրավորումը, ռազմական կրթությունը, առողջապահությունը և ռազմական ոստիկանության հարցերով փորձի փոխանակումը երկրների միջև գալիք տարվա ընթացքում համագործակցության հիմնական ոլորտներն են լինելու: Մինչ Վրաստան այցելելը, Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «lenta.ru»-ին, որտեղ մասնավորապես ասել է, թե` «Հայ-ռուսական ռազմա-քաղաքական հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը»:
Միևնույն հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայ-ռուսական հարաբերություններին: Պաշտոնական այցի շրջանակներում Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված մարտիկների հուշարձանին: Նախարարը նաև հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտության ապահովման հարցը: Հանիպման մասին այս տեղեկությունը ստանում ենք «Kvira.ge» պարբերականից, մինչդեռ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չկա: Լրագրող Հասմիկ Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս նկարն այսօր կեսօրին քաշեցի Վրաստանի կառավարության պաշտոնական կայքից, կցել էին ՀՀ պաշտպանության նախարարի և Վրաստանի վարչապետի հանդիպման հաղորդագրությանը: Նյութի հիմնական բովանդակությունն այն էր, որ կողմերը քննարկել են երկու երկրների դարավոր բարեկամությունը, այսօր ստորագրված պաշտպանական համագործակցության պլանը ու ոչ մի նոր բան ավել կամ զարմանալի:
Նյութը դրվել էր նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ֆեյսբուքյան էջում, ավելին՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը Կվիրիկաշվիլիի էջից տարածել էր:
Հիմա ոչ նկարները կան, ոչ նյութը: Հարց է առաջանում՝ ինչու? Ում ու ինչով էր խանգարում: Ամեն դեպքում բովանդակային ոչինչ չկար: Ցավոք, սքրինշոթ չեմ արել էջը, ով իմանար
Հիմա վարչապետի էջում և կառավարության կայքում Թուրքիա այցի նկարներն ու նյութերն են: Չի բացառվում, որ տեխնիկական խնդիր էլ լինի, սպասենք»:
Ի դեպ, մինչ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Վրաստան՝ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել էր Վրաստանի ռազմավարական գործընկերը հանդիսացող Թուրքիա: Այնտեղ վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանին, իր հերթին պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպում է ունեցել Զաքի Լևենթ Գումրուչքուի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը խոսվել է պաշտպանական ոլորտում առկա համագործակցության և ապագա ծրագրերի մասին: Լևան Իզորիան ընդգծել է տարածաշրջանում Թուրքիայի հետ երկկողմ և Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության կարևորությունը: Ավելի ուշ` թուրք դիվանագետն ու վրաց նախարարը միասին մեկնել են Ադրբեջան: Իզորիան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ժամանակ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական և բարեկամական հարաբերությունների կարևորությունը:
«Մեր ժողովուրդների միջև բազմադարայա բարեկամությունը, բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում կայունության երաշխիք են»,- հայտարարել է Լևան Իզորիան: