Նավթի մոտավորապես 90 տոկոսը ադրբեջանական է

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվող նավթի մոտավորապես 90 տոկոսը ադրբեջանական է, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Նախարարի տվյալներով՝ համակարգի լիարժեք շահագործման 16 տարվա ընթացքում խողովակաշարով, ընդհանուր առմամբ, փոխադրվել է 518 մլն տոննա նավթ, որից 463 մլն տոննան ադրբեջանական նավթն է։

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին նավթատարներով փոխադրվել է 8 մլն 642 հազար 500 տոննա նավթ։

«Ազերթաջ» գործակալությանը Պետական ​​վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ երկրի հումքի 77,2 տոկոսը տեղափոխվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանման նավթամուղով։ Հունվար-մարտ ամիսներին այս խողովակաշարով փոխադրվել է 6 մլն 675 հազար տոննա ադրբեջանական նավթ և 1 մլն 201 հազար 700 տոննա տարանցիկ նավթ։

Ի դեպ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը կազմում է 1 768 կիլոմետր, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանով, 249 կիլոմետրը՝ Վրաստանով, 1 076 կիլոմետրը՝ Թուրքիայով։

Խողովակաշարի շինարարությունն սկսվել է 2003 թվականի ապրիլին, իսկ նավթի փոխադրումը` 2005–ի մայիսի 18-ին։ Խողովակաշարը շահագործման է հանձնվել 2006 թվականի հուլիսի 13-ին։