Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսելով Վրաստանի ապաօլիգարխացման մասին՝ ասել է, որ Վրաստանը ներկայումս գտնվում է մեկ անձի գերության մեջ։
Յուկնևիչենեն նշել է, որ վրաց ժողովուրդն արժանի է իրենց աջակցությանը, և սա իսկապես կարևոր պահ է․
«Եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհասկանա, թե ինչ է նշանակում ապաօլիգարխացում, որը նշված է Եվրահանձնաժողովի առաջարկում, ես կօգնեմ նրանց հասկանալ: Սա նշանակում է Վրաստանի ապաբիձինացում»։
Ըստ պատգամավորի՝ սա հենց այն է, ինչ պետք է վրաց ժողովրդին․ նրանք պետք է դադարեն մեկ անձի պատանդ լինել:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԵԽ լիտվացի մեկ այլ պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսն էլ ասել է, որ Վրաստանում միակ օլիգարխը Բիձինա Իվանիշվիլին է։
Ըստ Կուբիլիուսի, Վրաստանի կառավարությունը ձևացնում է կամ իսկապես չի հասկանում, թե ինչ է նշանակում ապաբևեռացման և ապաօլիգարխացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականը, և ԵԽ-ը պետք է օգտագործի Ասոցացման համաձայնագրի կատարման զեկույցը և դրան կից բանաձևը՝ բացատրելու համար:
«Օրինակ, առաջին պարբերությունը վրացական քաղաքական հանրությանը կոչ է անում ապաբևեռանալ և համաձայնվել Շառլ Միշելի համաձայնագրին։ Իշխանությունը կարծես հակառակն է անում: Խորհրդարանում ապաբևեռացման հարցով հատուկ հանձնաժողով են ստեղծել, բայց եթե լսեք նրանց հայտարարությունները, կարծես թե փորձում են բևեռացման մակարդակը բարձրացնել»,- ասել է Կուբիլիուսը։
Կուբիլիուսի խոսքով, իշխանությունները մեղադրում են ողջ շրջապատին՝ ոչ միայն ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը, այլ նաև ԱՄՆ դեսպանին, Եվրամիությանը, թե իբր բոլորը Վրաստանին դրդում են պատերազմի, ինչը բացարձակ անհեթեթություն է.
«Կարծես Կրեմլի քարոզչություն լինի: Կրեմլն ասում է, որ ամեն ինչում մեղավոր է Արևմուտքը, հիմա նման բան է ասում Վրաստանի իշխող կուսակցությունը։ Թերևս պետք է օգտվել առիթից՝ բացատրելու, թե ինչ է նշանակում ապաբևեռացում և ապաօլիգարխացում։ Նրանք կարծես չեն հասկանում»:
Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիրն է։ Նա մեկ տարի առաջ հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից, սակայն երկրի ընդդիմությունը և եվրոպացի որոշ գործիչներ շարունակում են պնդել, թե նա կառավարում է երկիրը կուլիսների հետևից։
Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևի նախագիծը ԵԽ-ում