Ռիկոթիի նոր ճանապարհի մի քանի հատված կբացվի այս տարի: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Տեղեկության համաձայն՝ Ռիկոթիի 4 գծով արագընթաց ավտոմայրուղու շինարարությունն ակտիվորեն շարունակվում է, կտրվել է 24 թունել, որից ավարտված 3 թունելներն արդեն օգտագործվում են տրանսպորտային միջոցների կողմից, զուգահեռ աշխատանքներ են տարվում 88 կամուրջների վրա, որոնցից 30-ն արդեն կառուցված է, իսկ 6 ավարտված կամուրջներով արդեն երթևեկություն է իրականցվում։
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։
Ռիկոթիի ճանապարհահատվածը Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու (E 60) կարևոր մասերից մեկն է, որի արդիականացումը՝ ժամանակակից ստանդարտների 4 երթևեկության գոտի արագընթաց մայրուղու կբարձրացնի ճանապարհի թողունակությունը և տարանցիկ բեռնաշրջանառությունը:
«Կբարելավվի ճանապարհային երթևեկության անվտանգության որակը, զգալիորեն կկրճատվի ճանապարհորդության տևողությունը։ Այս պահին Ռիկոթիում շարժման թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, շինարարության ավարտից հետո թույլատրելի արագությունը կավելանա, իսկ որոշ հատվածներում այն գրեթե կկրկնապատկվի»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռիկոթիի լեռնանցքի հատվածի շինարարությունը բաժանված է 4՝ Չումաթելեթի-Խևի՝ 11,6 կմ, Խևի-Ուբիսա՝ 12,2 կմ, Ուբիսա-Շորապանի՝ 13 կմ և Շորապանի-Արգվեթա 14,7 կմ հատվածների: Ընդհանուր առմամբ, Ռիկոթիի վրա նախատեսվում է կառուցել մինչև 52 կմ ճանապարհ, 97 կամուրջ և 51 թունել։
Ավելի քան 4000 մարդ ներկայումս աշխատում է Ռիկոթիի նախագծում, աշխատողների մոտավորապես 68 տոկոսը Վրաստանի քաղաքացիներ են։
Ռիկոթիի լեռնանցքի կառուցման նախագծով նախատեսվում է նաև Սուրամի, Շրոշայի և Զեստաֆոնի մայրուղու հարակից գյուղերի բնակիչների համար սեփական արտադրանքի վաճառքի համար հատուկ տարածքներ կազմակերպել։
Ռիկոթիի նոր մայրուղու շինարարությունը կավարտվի 2023 թվականին: