Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու հարցի ֆոնին այս օրերին մեծ տարածում է գտել թեմայի շուրջ ապատեղեկատվությունը։
Հասարակության շրջանում տարածված իրականությանը չհամապատասխանող լուրերի մասին «Ալիք մեդիան» զրուցել է մեդիափորձագետների հետ։
«Ռուսամետ խմբերը Վրաստանի կողմից ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի ընդունումը կապում են Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացման հետ։ Դեռ որոշման հրապարակումից առաջ նրանք պնդում էին, որ եթե ԵՄ-ն հրաժարվի Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ, դա պատիժ կլինի Վրաստանի համար Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չբացելու համար», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է վերլուծաբան Կոբա Լաչաշվիլին։
Նա մեկնաբանում է, որ այս տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, քանի որ պատերազմում Վրաստանին ներգրավվելը Եվրամիության կողմից Վրաստանին պարտադրված պահանջ չի կարող լինել։ Ընդգծում է, որ Եվրահանձնաժողովը հրապարակել է 12 պայման, որոնք Վրաստանը պետք է բավարարի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար (պայմանները կատարելուց հետո, ըստ ԵՄ առաջնորդների, Եվրամիությունը մեխանիկորեն Վրաստանին կշնորհի թեկնածուի կարգավիճակ), և 12 կետում, անխոս, պատերազմին միանալու պահանջ չկա։
«Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի որոշումների հրապարակումից հետո այս ապատեղեկատվությունն ավելի ակտիվ տարածում գտավ։
Օրինակ, Հանրային հեռարձակման ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Բոնդո Մձինարաշվիլին, ով հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշմամբ, «Ալտ-ինֆո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանին մերժել են թեկնածուի կարգավիճակ տրամադրել միայն այն պատճառով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում երկրորդ ճակատ չբացեցինք Վրաստանում», — ասում է նա։
Լաչաշվիլին նշում է, որ ապատեղեկատվություն է նաև այն, որի համաձայն՝ Եվրամիությունը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ դիտավորյալ չի տվել՝ Վրաստանի արևմտամետ քաղաքացիների շրջանում բողոքի ալիք առաջացնելու համար․
«Ապատեղեկատվությունը տարածողների կարծիքով՝ ԵՄ-ի նպատակն է ապակայունացնել է երկիրը և դրդել քաղաքացիներին հեղափոխության։
Երկրորդ ճակատի բացման հարցը «Վրացական երազանքի» ղեկավարները ևս կապել են թեկնածուի կարգավիճակ ստանալու հետ», — հիշեցնում է նա։
Փորձագետը մեջբերում է վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունը՝ «Եթե թեկնածուի կարգավիճակի շնորհումը որոշվում է պատերազմով, ապա մենք պատերազմ չենք ուզում»։
«Խորհրդարանի անդամ, «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ, տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեի կարծիքով՝ Եվրահանձնաժողովը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կշնորհեր, եթե Վրաստանը պատերազմ սկսեր։ Սակայն նա հայտարարեց, որ «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրված պատերազմը կամ հեղափոխություն չի լինելու», — ասում է Կոբա Լաչաշվիլին։
Լաչաշվիլին հավելում է, որ վարչապետ Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն և «Վրացական երազանքի» նախագահ և կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ևս թեկնածուի կարգավիճակ չշնորհելը կապել են պատերազմի երկրորդ ճակատի հետ։
«Տարածվեց նաև սխալ պնդում, թե Ուկրաինան եւ Մոլդովան թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմաց ԼԳԲՏ համայնքին աջակցող արժանապատվության երթեր են անցկացրել Քիշնևում և Կիևում, և որ Եվրամիությունը նույնն էր նաև պահանջում Վրաստանից։ Այն պնդումը, որ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար պահանջներից մեկը Pride անցկացնելն է, նույնպես կեղծ է, քանի որ Վրաստանին հանձնած պայմանների մեջ չկա պահանջ կամ կոչ, ըստ որի Pride-ն անհրաժեշտ է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար», — պատմում է նա։
Վերլուծաբանը Նաև հիշատակում է ռուսամետ «Սաքինֆորմ» հրատարակության անդրադարձը Վրաստանի ԵՄ անդամակցության հեռանկարի վերաբերյալ, որտեղ պնդում կա՝ եթե Վրաստանն անդամակցի Եվրամիությանը, պարտավոր կլինի անհապաղ միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, զենք մատակարարել Ուկրաինային և պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, ինչը նույնպես ապատեղեկատվություն է։
«Նշեմ նաև, որ ռուսամետ «Իսարի» թերթի խմբագիր Համլետ Չիպաշվիլին գրել է, որ Եվրամիությանն անդամակցելը կարևոր ու ձեռնտու է միայն այսպես կոչված էլիտար հասարակության համար։ Ցանկանում է էլիտար հատվածը, որը միությանն անդամակցությունից ակնկալում է անձնական բարգավաճում և իր ցանկությունը բարդում ժողովրդի վրա», — ասում է Լաչաշվիլին և շարունակում․ «Սա հերթական ապատեղեկատվությունն է, քանի որ սոցիոլոգիական ուսումնասիրությունները հաստատում են բնակչության ճնշող մեծամասնության ցանկությունն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։ Բացի այդ, հարկ է նշել, որ այն քաղաքական սուբյեկտների նախընտրական ծրագրերը, որոնք վերջին 10 տարում կայացած ընտրություններում արժանացել են հանրության մեծամասնության աջակցությանը, խոստումներ են պարունակում Եվրամիությանն ինտեգրվելու մասին։
Վերոնշյալի վերաբերյալ իր կարծիքն է հայտնում մեդիագրագիտության ոլորտի մասնագետ Անա Խարեբաշվիլին՝ մատնանշելով, թե հիմնականում ինչպես է տարածվում այս ապատեղեկատվություն, ինչպես տարբերակել կեղծ տեղեկությունը փաստերից․
«21-րդ դարում բոլորիս հայտնի է, որ համացանցը տեղեկատվության հիմնական աղբյուրն է, մեր օրերում ապատեղեկատվությունը և քարոզչությունը հեշտությամբ տարածվում են համացանցում, և այս ճակատագրական պահին, երբ մեր երկիրը կանգնած է դեպի Եվրոպա ճանապարհին, պետք է մշտապես լինել զգոն՝ չդառնալու ապատեղեկատվության զոհ․
- Միշտ ուշադրություն դարձրեք աղբյուրին, որտեղից վերցված է տեղեկությունը
- Դիտեք վերնագրի և հիմնական տեքստի համապատասխանությունը
- Ուշադրություն դարձրեք հրապարակման ամսաթվին
- Փնտրեք առաջին աղբյուրը
- Մի՛ կիսվեք, եթե վստահ չենք տեղեկատվության ճշգրտության մեջ, քանի որ միշտ պետք է հիշենք, որ մեր տրամադրած պատմությունը կարող է շատերին մոլորեցնել, ուստի նախ ստուգել, հետո տարածել»։