ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ի համաձայն՝ Վրաստանում հունիսի դրությամբ խաճապուրին թանկացել է 28,1 տոկոսով։
Հունիսին մեկ իմերական խաճապուրի պատրաստելու միջին գինը կազմել է 5,39 լարի, ինչը 2,7 տոկոսով պակաս է 2022 թվականի մայիսի ցուցանիշից, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` խաճապուրին թանկացել է։
ISET-ի «Խաճապուրի ինդեքսը» օգտագործում է զամբյուղ՝ գնաճը հաշվարկելու համար, որը պարունակում է միայն կմերական խաճապուրի թխելու համար անհրաժեշտ բաղադրիչները: Դրանք են՝ ալյուր, պանիր, խմորիչ, կաթ, ձու և կարագ։ Ցուցանիշը ներառում է նաև գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը։
Ըստ այդմ՝ ամենաշատը թանկացել է ալյուրը՝ 46,1 տոկոս, ձուն՝ 38,9 տոկոս, կարագը՝ 22,7 տոկոս, կաթը՝ 13,9 տոկոս, խմորիչը՝ 13 տոկոս։
«Մթերքի թանկացմանը նպաստել են մի քանի գործոններ։
Ուկրաինայում շարունակվող պատերազմը և մատակարարման շղթաների դժվարությունները հանգեցրել են սննդի պակասի։ Ավելին, ավելանում են նաև պարարտանյութերի և էներգիայի ծախսերը, ինչը լրացուցիչ ճնշում է տեղական գների վրա»,- նշվել է ISET-ում։
Ի դեպ, Վրաստանում պարենային ապրանքների գնաճի վրա ազդել են նաև միջազգային գները։ Չնայած պարենային ապրանքների գները վերջին 3 ամսում նվազել են, սակայն ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) տվյալներով՝ տարեկան գնաճը 2022 թվականի հունիսին՝ 2021 թվականի հունիսի համեմատ կազմել է 23,1 տոկոս։
FAO տվյալներով՝ գները նվազել են բուսական յուղերի, հացահատիկի և շաքարավազի կատեգորիաներում, իսկ կաթնամթերքի և մսամթերքի գներն աճել են։
«Որպես կանոն, միջազգային գների անկումը տեղական շուկաներ է փոխանցվում ուշացումով, սակայն եթե նվազման միտումը շարունակվի, և միջազգային գները կայունանան, Վրաստանում պարենային ապրանքների գների վրա ճնշումը կարող է թուլանալ»,- «Խաճապուրի ինդեքսի» մասին հայտարարության մեջ նշել է ISET-ը։