Վրաստանում մի քանի պետական ծառայողներ լքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը՝ ի պաշտպանություն կուսակցությունից դուրս եկած պատգամավորներ Սոզար Սուբարիի, Միխեիլ Կղավելաշվիլիի և Դիմիտրի Խունդաձեի։
Մասնավորապես, Ճիաթուրայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Նիկա Սամխարաձեն հրաժարական է տվել պաշտոնից և նշել, որ Եվրամիության մասին դավադրության տեսություններ տարածող և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանին քննադատող Սուբարին, Կղավելաշվիլին և Խունդաձեն աջակցության կարիք ունեն:
«Ես հստակ հասկանում եմ, որ «Վրացական երազանք»-ից դուրս եկած երեք պատգամավորներն էլ մեզանից հազարապատիկ ավելի շատ տեղեկություններ ունեն, բայց կարծում եմ, որ այս մարդիկ նույնպես մեր աջակցության կարիքն ունեն ազատության համար պայքարի շատ դժվարին եվրոպական ճանապարհին»,- սոցցանցերում գրել է Սամխարաձեն։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Լագոդեխիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի փոխնախագահ Գիորգի Գամբաշիձեն ևս հրաժարական է տվել՝ նշելով, որ «վաղվանից ցանկանում է ավելի ազատ խոսել»։
Նրա խոսքով՝ ինքը մնում է սակրեբուլոյի անդամ։
Հիշեցնենք. վերջերս «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն ու նրանց համախոհները խոսում էին այն մասին, որ արևմտյան երկրները ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Նրանք սկզբում մեղադրում էին ընդդիմությանն ու ուկրաինական իշխանության ներկայացուցիչներին երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ, ապա Եվրամիության որոշմամբ թեկնածուի կարգավիճակը կապում էին պատերազմին միանալուց հրաժարվելու հետ։