Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Եվրահանձնաժողովի առաջարկությունները, որոնք Վրաստանը պետք է կատարի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ուղղված են համակարգային մարտահրավերների դեմ պայքարին, ոչ թե որոշակի մարդկանց։
«Եթե նայեք հանձնաժողովի որոշումը, այդ թվում՝ արտացոլված առաջնահերթությունները, ապա պարզ կդառնա, որ նպատակը համակարգային խնդիրներով զբաղվելն է, ոչ թե անհատների։ Նմանատիպ տրամադրություններ են արտացոլված նաև Ուկրաինայի ու Մոլդովայի դեպքում, ինչը ցույց է տալիս, որ սա տարածաշրջանի խնդիրների մաս կազմող շատ ավելի ընդգրկուն երևույթ է»,- ասել է Հարցելը:
Դեսպանն ընդգծել է, որ ուժեղ ինստիտուտները «մեծ պատասխանատվություն ունեն»։
Հարցելի կարծիքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնց մասին խոսում է Եվրահանձնաժողովը, անխուսափելիորեն կհանգեցնեն օլիգարխիկ ազդեցության նվազմանը։
Հիշեցնենք. Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո, որոնց շարքում են բևեռացման նվազեցումը, պետական ինստիտուտների անկախության ամրապնդումը, թափանցիկ ու արդյունավետ արդարադատության համակարգի ստեղծումը։