Յունեսկոն 2016թ- ը հայտարարել է Շոթա Ռուսթավելիի տարի: Դեկտեմբերի 20-ին Ռուսթավելիի 850- ամյա հոբելյանի առիթով Թբիլիսիի «Բարեկամության տանը» նշվեց «Ընձենավորի» երեկոն: Միջոցառման ընթացքում Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընթերցեցին «Ընձենավորից»(Վագրենավոր) հատվածներ՝յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով: «Վագրենավորը» հնչեց հայերեն, ուկրաիներեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, ադրբեջաներեն եւ այլ լեզուներով: Զուգահեռաբար «Բարեկամության տանը» ներկայացված էր ցուցահանդես՝ Շոթա Ռուսթավելիի եւ «Ընձենավորի» թեմայով:
Թբիլիսիի քաղաքապետարանի սակրեբուլոյին (ավագանի) կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի ղեկավար Ռիտա Խիդիրբեգիշվիլին համոզված է՝ մեկամյա այս կազմակերպությունը տալիս է իր արդյունքները. «25 տարվա ընթացքում Վրաստանի էթնիկ փոքրամասնությունները պահանջում էին հիմնել նման «բարեկամության տուն», եւ ահա այն ստեղծվել է: Այս կազմակերպությունն արդեն իրականացրել է մ ի քանի հետաքրքիր միջոցառում` կապված էթնիկ փոքրամասնությունների հետ: «Բարեկամության տան» հիմնական նպատակն է` ինտեգրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին վրացական հանրությանը»,— նշեց Խիդիրբեգիշվիլին:
Միջոցառմանը հրավիրված էին Շոթա Ռուսթավելիի մրցանակի դափնեկիրներ, ինչպես նաեւ Թբիլիսիի սակրեբուլոյի անդամներ, Ռուսթավելիի անունը կրող թատերական ինստիտուտի եւ 2 դպրոցների աշակերտները:
«Շատ հետաքրքիր է, որ մեր երկրի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները վրացերեն եւ իրենց մայրենի լեզուներով կարդում են «Ընձենավորը»: Սա Ռուսթավելիի տարին է, և այս առիթով մենք էլ մեր ներդրումն ենք արել այս տարվա մեջ,- ասում է «Բարեկամության տան» տնօրեն Նանա Նիկոլաձեն:
«Բարեկամության տուն» կազմակերպության նպատակն է միավորել Վրաստանում բնակվող տարբեր էթնիկ փոքրամասնություններին: Ըստ կազմակերպության՝ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» վկայում է, որ Վրաստանում հանդուրժողականություն գոյություն է ունեցել դեռեւս Ռուսթավելիի ժամանակաշրջանից: