«Թբիլիսի ուսանողական փառատոն 2022»-ն ավարտվել է

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Ազգագրական թանգարանում հանդիսավոր կերպով կայացել է «Թբիլիսի ուսանողական փառատոն 2022»-ի փակման արարողությունը։

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մասնակից բուհերի ռեկտորներ և ուսանողներ։

Կալաձեն խոստացել է երիտասարդական փառատոնի մասնակիցներին, որ քաղաքապետարանը հետագայում կխրախուսի երիտասարդական նախագծերը։

«Հաճելի է, որ փառատոնին մասնակցել է ավելի քան 50 հազար ուսանող՝ Վրաստանի 34 բուհերից։ Ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրին հաջողություն մաղթել աշխատանքում, առօրյա կյանքում։ Հավանաբար գիտեք, որ Եվրամիությունը 2022 թվականը հայտարարել է Երիտասարդության տարի։ Ըստ այդմ, այսօրվա միջոցառման կարգախոսն է` «Երիտասարդությունը դեպի Եվրոպա»։ Իհարկե, Եվրոպան այն առանցքն է, որի շուրջը բոլորս համախմբված ենք»,- ասել է Կալաձեն։

Քաղաքապետը վստահեցրել է՝ քաղաքապետարանը միշտ ուսանողների կողքին է լինելու հետաքրքիր նախագծերի իրականացման գործում։

Պարգևատրվել են տարբեր ոլորտներում հաղթող բուհերը, բացահայտվել են մշակույթի ոլորտում հաղթող բուհերը, նաև անցկացվել են երիտասարդական խմբի համերգ ու դիջեյ ծրագիր։

Միջոցառումն անցկացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային ծառայության աջակցությամբ և Վրաստանի ուսանողական կազմակերպությունների ասոցիացիայի կազմակերպմամբ։

Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել մրցաշարեր ու մշակութային շրջագայություններ։ Միջոցառումն ավանդական է և անցկացվում է ամեն տարի։

Փառատոնի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, ակտիվացնել և գունեղացնել ուսանողական կյանքը, ընդարձակել ուսանողների հետաքրքրությունների շրջանակը և նպաստել նրանց տաղանդների իրացմանը: