Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան սահմանադրական հայց է պատրաստել «Ալտ-ինֆո»-ի հիմնադրած «Պահպանողական շարժում» կուսակցության գործունեությունն արգելելու համար։
Օմբուդսմենի հիմնավորմամբ` «Պահպանողական շարժում» կուսակցությունն ստեղծել են 2021 թվականի հուլիսի 5-ի անօրինական գործողությունների և լայնածավալ բռնությունների կազմակերպիչները, որոնց մեծամասնության հայտարարությունները հրահրում են թշնամանք, բռնություն և պարունակում են պատերազմի քարոզչություն:
Քանի որ հանրային պաշտպանն այս հիմքով սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունի, սահմանադրական դատարան հասցեագրելու հայցի նախագիծը ներկայացրել է մի քանի լիազոր մարմինների։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ Թբիլիսիում պետք է անցկացվեր «Արժանապատվության երթը», ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի և ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի կոչով խորհրդարանի դիմաց հավաքվել էին խմբեր, և հավաքի ընթացքում ծեծվել են երթի մասնակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ քաղաքացիական անձինք։