Գամկղրելիձեի պնդմամբ` կորոնավիրուսի վարակվածության դեպքերը կրկնապատկվել են

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, ցանկալի է` «խթանիչ» (բուստեր) դեղաչափով, քանի որ վերջին երեք շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում, նաև` Վրաստանում աճել է վիրուսով վարակվածների թիվը:

«Ակտիվացել են B4 ու B5 շտամները. մի քիչ հուսադրող է, որ շատ վտանգավոր չեն, բայց ավելի հեշտ են տարածվում», — ասել է Գամկղրելիձեն` հավելելով, որ կորոնավիրուսով վարակվածության շաբաթական վիճակագրությունը փաստում է դեպքերի կրկնապատկման մասին:

«Վիրուսի տարածումը կանխելու մեկ տարբերակ կա՝ քաղաքացիների շրջանում բարձրացնել դիմադրողականությունը, այսինքն՝ երկրում ունենալ պատվաստումների բարձր մակարդակ` աշունն ապահով դիմավորելու համար»,- ասել է Գամկղրելիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանում չափահաս բնակչության մինչև 45 տոկոսը պատվաստվել է երկու դեղաչափով։ Երկրում հասանելի են Pfizer, Sinopharm և Sinovac պատվաստանյութերը: