Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Թեա Կատուկիան հրաժարվել է իր պաշտոնից։ Կատուկիան սոցցանցերում հրապարակած գրառման մեջ նշել է, որ պատճառը Վրաստանի արտաքին գործերի նախարարության ճնշումներն են իր նկատմամբ։ Կատուկիան դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի օգոստոսից։
Կատուկիան նշել է, որ մայիսի 1-ին Վրաստանի ԱԳ նախարարին ներկայացրած հրաժարականի դիմումն ուժի մեջ է մտել այսօր։
«Իմ հրաժարականի որոշմանը նախորդել է արտաքին գործերի նախարարության մշտական ճնշումն իմ նկատմամբ՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու առաջին օրվանից։ Առաջին օրվանից ականատես եղա դեսպանատանը մի շարք լուրջ խախտումների և կառուցվածքային խնդիրների, որոնք էական վնաս են հասցրել Ֆրանսիայում Վրաստանի ներկայացուցչության շահերին։
Երբեք չէի կարող պատկերացնել, որ այս պաշտոնը պետք է կատարեմ շարունակական վիրավորանքների, զրպարտության, ճնշումների, հալածանքների և սպառնալիքների պայմաններում», — իր գրառման մեջ նշել է Կատուկիան։
Նա ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ապագան և նրա ժողովրդավարական զարգացումը կախված են միայն կառավարության քաղաքական ընտրությունից։
Նշենք, որ Թեա Կատուկիան եղել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նա 20 տարի աշխատել է Ֆրանսիայում և Իտալիայում՝ եվրոպական և միջազգային հարցերով, հետազոտական և գիտական լրագրության ոլորտում։