Սաուդյան Արաբիայի Flyadeal ավիաընկերությունը մուտք է գործել Վրաստանի ավիաշուկա։ Բյուջետային պետական ընկերությունն արդեն իրականացրել է առաջին ուղիղ չվերթը Ջիդդայից՝ Թբիլիսիի օդանավակայան։
Flyadeal-ը նախատեսում է ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Թբիլիսի միաժամանակ Սաուդյան Արաբիայի երեք քաղաքներից՝ Ռիադից, Ջիդդայից և Դամամից:
Ջիդդայից և Էր-Ռիադից թռիչքներ են նախատեսվում նաև դեպի Բաթումի:
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ Flyadeal-ը Սաուդյան Արաբիայից Վրաստան ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի շաբաթական 10 անգամ։
Նշենք, որ լոուքոսթեր համարվող Flyadeal-ը պատկանում է Սաուդյան Արաբիայի առաջատար ավիաընկերությանը՝ Saudi Arabian Airlines -ին: Թռիչքներն իրականացվում են Airbus A320neo և Boeing 737 MAX ընտանիքի 50 ինքնաթիռներով։
Վրաստանի զբոսաշրջության ոլորտն այս ամառ Սաուդյան Արաբիայից աննախադեպ թվով զբոսաշրջիկների է սպասում ավիաընկերությունների հետ պայմանավորվածությունների պատճառով: