Վրաստանում ուսումնասիրվել է «կապիկի ծաղիկի» 7 հնարավոր դեպք, որոնցից ոչ մեկը չի հաստատվել։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ մինչ այժմ երկրում լաբորատոր հաստատված է միայն մեկ դեպք։
Նրա խոսքով՝ հիվանդն իրեն լավ է զգում, և արդեն մեկ շաբաթից ավելի է դուրս է եկել պարտադիր ինքնամեկուսացումից։
Հիշեցնենք, որ «կապիկի ծաղիկ» վիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել էր հունիսի 15-ին։
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։
Հայտնի է, որ «կապիկի ծաղիկը» փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է «կապիկի ծաղիկի» արդյունավետ կանխարգելումը: