Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներն ընդհանուր հայտարարություն են տարածել, որի ներքո ստորագրել են Վրաստանի տարբեր բուհերի դասախոսներ։
Հայտարարությունը հրապարակված է նաև manifest.ge-ում, որտեղ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները։
Ստորև ներկայացնում ենք հրապարակված հայտարարությունը․
«Մենք՝ Վրաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներս, կիսում ենք Վրաստանի քաղաքացիների, քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մեր երիտասարդ սերնդի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումները, Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու ցանկությունը։ Համաձայն Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի, մենք կարծում ենք, որ այս վճռորոշ փուլում, ինչպես Վրաստանի պատմության մեջ բազում անգամներ, անհրաժեշտ է քաղաքացիական միասնություն, որում մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր հայրենիքի՝ Վրաստանի առջև:
Դարեր առաջ վրացի հայրենասերների կողմից արևմտյան քաղաքակրթությանը ինտեգրվելու համար սկսած պայքարը շարունակվում է և այսօր այն հասել է ցանկալի նպատակին։
Մենք մեծ պատասխանատվություն ենք զգում որպես քաղաքացիներ և դասախոսներ, ովքեր կոչ են անում գալիք սերունդներին մնալ երկրում, նպաստել հայրենիքի զարգացմանը, ամեն օր աշխատել հաջողակ, կիրթ, բազմազան Վրաստանի համար, կարծում ենք, որ պետք է ունենանք պետություն, որտեղ ցանկացած քաղաքացի՝ անկախ ազգությունից, էթնիկական պատկանելությունից, կրոնից, հայացքներից և ինքնությունից, հավասար հասանելիություն ունի պետության բարիքներին:
Կառուցենք մի երկիր, որտեղ յուրաքանչյուր մարդու իրավունքները հավասարապես պաշտպանված են։
Մենք չենք կարող տարանջատել ընթացիկ գործընթացները, չենք կարող հանդուրժել պետության եվրոպական զարգացման հստակ հեռանկարի կորուստը` ատելության, հակասությունների, բևեռացման և օլիգարխիայի պատճառով։
Վրաց ժողովուրդը և նրա անբաժան մասը, մեր տաղանդավոր երիտասարդ սերունդն ավելիին է արժանի, Վրաստանն ավելիին է արժանի։
Մենք նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում օգտագործել մեր մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսները՝ ներգրավվելու միասնական քաղաքացիական հարթակում, որը հիմք կդնի Եվրախորհրդարանի բանաձևով նախատեսված բարեփոխումներին և աջակցելու ԵՄ անդամակցության հասնելու մեր ջանքերին։
Մենք շատ քիչ ժամանակ ունենք, իսկ այս հնարավորությունը պատմական է։
Եկեք միավորվենք Վրաստանի ավելի լավ ապագայի համար»։