Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստը սկսել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման 8-րդ ամյակի մասին խոսելով։
Վարչապետի խոսքով՝ ութ տարի է անցել այն պահից, երբ Վրաստանը ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
«Սա իսկապես պատմական ամսաթիվ է, երբ երկիրը դարձավ Եվրամիության Ասոցացված անդամ և սկսեց իրական, արդյունավետ քայլեր ձեռնարկել։ 8 տարի առաջ ես պատիվ ունեցա ստորագրել այս համաձայնագիրը մեր երկրի անունից»,- ասել է վարչապետը։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ութ տարվա ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության օրոք ձեռք են բերվել մի շարք շոշափելի արդյունքներ. ԵՄ-ի հետ ազատ առևտուր, առանց վիզայի ռեժիմի ներդրում և երկրի եվրոպական հեռանկարի ճանաչումը։
Նշենք, որ 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրվեց Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը։ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստան-ԵՄ հարաբերությունները բարձրացրեց նոր մակարդակի վրա և հիմք դրեց Վրաստանի քաղաքական ասոցացման և Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման գործընթացին: