Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիրգյուղից 18-ամյա Գարիկ Գասպարյանը Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի՝ «Ես Վրաստանի ապագան եմ» էսսեների մրցույթում հաղթող է ճանաչվել։
Մրցույթը անցկացվել է դպրոցի՝ Վրաստանի տարբեր շրջանների աշակերտների շրջանում: Յուրաքանչյուր շրջանից ընտրվել են մեկական՝ ամենալավ էսսեների հեղինակները:
էսսեները գրվել են վրացերենով: Հաղթողներին տրվելու է հավսատագիր, ինչպես նաև երեքօրյա հանգստի ուղեգիր Բաթումիում, որտեղ նախագծի շրջանակներում նախատեսված են սեմինարներ և այլ միջոցառումներ:
Գասպարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է, որ նախագծի մասին տեղեկացել է ուսուցչից: Էսսեների նպատակն է, որ երիտասարդները հասկանան՝ ինչ կարող են անել Վրաստանի համար, արդյոք պատկերացնում են իրենց ապագան Վրաստանում և այլն:
«Փորձել եմ վերհանել գենդերային անհավասարության խնդիրը: Պատմել եմ այդ թեմայով իմ նախագծի մասին: Բացի այդ, նաև այն մասին եմ պատմել, որ ապագայում Վրաստանում ցանկանում եմ ստեղծել այնպիսի կենտրոն, որը նորագույն տեխնոլոգիաներ կստեղծի և կզարգացնի Վրաստանը», — պատմում է Գասպարյանը:
Պատանին նկատում է՝ Մառնեուլիում շատ կարծրատիպեր ու գենդերային անհավասարության դեպքեր կան, և հենց դա էլ հիմք է դարձել, որ խնդիրը բարձրացնի:
Գասպարյանը նշում է, որ ինքն անձամբ բազմաթիվ վերապատրաստման դասերի, սեմինարների է մասնակցել Մառնեուլիի տարբեր կենտրոններում, որից հետո էլ հաջողվել է գրել իր ծրագիրը:
«Բարձրացրել եմ նաև լեզվի չիմացության խնդիրը՝ փորձելով իմ օրինակով բացատրել, որ եթե լեզուն սովորելը հասանելի լինի բոլորին՝ անվճար, ապա Վրաստանի զարգացումն այս տեսանկյունից ևս անխուսափելի կլինի»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անկեղծանում է Գասպարյանը:
Խոսելով մրցույթին իր մասնակցության մասին, Գասպարյանն ասում է, որ հետաքրքրությունը կայանում էր հետևյալում. Վրաստանի տարբեր շրջաններից էին մասնակցելու, յուրաքանչյուր շրջանից բազմաթիվ դիմորդներից միայն մեկն էր հաղթելու: Անկեղծանում է՝ հենց սկզբից հաղթելու նպատակով էր մասնակցում:
18-ամյա երիտասարդն արդեն իսկ իր առաջին քայլերն է արել վրաց հասարակությունում ինտեգրվելու համար՝ դիմել է Թբիլիսիի պետական համալսարան ուսանելու համար, և այժմ ինտենսիվ կերպով պարապում է, որպեսզի հաղթահարի քննությունն ու դառնա ուսանող.
«Չնայած լեզուների հանդեպ իմ սիրուն, կընտրեմ կամ «Բիզնես ադմինիստրացիա» կամ «Միջազգային հարաբերություններ» բաժինը: «Բիզնես ադմինիստրացիա»-ով հետագայում կփորձեմ ստեղծել իմ բիզնեսը, որը հետագայում կապ կհաստատի մեծ կազմակերպությունների հետ և դրանով կզարգացնեմ Վրաստանը»:
Հարցին, թե հետագայում ինչ է անելու իր համայնքի զարգացման համար, Գասպարյանը պատասխանում է.
«Կփորձեմ հետագայում դասընթացներ, զարգացողական հանդիպումներ անցկացնել շրջանի գյուղերում, կիսվել իմ գիտելիքներով, տեսնել առկա խնդիրներն ու տեղից լուծում գտնել դրանց համար, որով էլ կնպաստեմ համայնքիս զարգացմանը»:
Երիտասարդը նկատում է, ապագայում հնարավորության դեպքում կբացի երիտասարդական կենտրոն, որտեղ կներգարվի երիտասարդների ու նրանց հետ կփորձի լուծել առկա մարտահրավերները:
«Լեզվի չիմացության խնդիրները Մառնեուլիում շատ են, կարելի է կազմակերպել հավելյալ դասընթացներ, որպեսզի շրջանի երիտասարդներն ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը, ինչու ոչ՝ ապագայում հնարավորություն ունենան ոչ թե «1+4» ծրագրով ուսանելու՝ այլ միանգամից առաջին կուրս հաճախեն», — հավելում է Գասպարյանը: