Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան պաշտոնական նամակ է հղել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Լոմջարիան Միշելին և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին խնդրում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։
«2022 թվականի հունիսի 22-ին Վրաստանի հանրային պաշտպանը պաշտոնական նամակ է հղել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով վերջինիս և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին հաշվի առնել վրաց ժողովրդի ձգտումները և պայքարը դեպի եվրոպական ընտանիք՝ երկրին շնորհելով թեկնածուի կարգավիճակ», — հայտնում են հանրային պաշտպանի գրասենյակից։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձներ էր հղել ԵՄ անդամ երկրների ղեկավարներին` Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն աջակցելու խնդրանքով:
Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս նամակով դիմել է Եվրախորհրդին՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու խնդրանքով։ Մարգվելաշվիլին նամակը հանձնել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին։