Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց խորհրդարանի մեծամասնության կողմից ընդունված գաղտնալսումների մասին աղմկահարույց օրենքի վրա։
Նշենք, որ սա Զուրաբիշվիլիի կիրառած առաջին վետոն է։
«Ես համաձայն չեմ այս օրենքի հետ»,- ասել է նախագահը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը գիտի, որ իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանում այս վետոն հաղթահարելու լծակներ ունի, ուստի դա ավելի շատ քաղաքական վետո է, քան իրավական։
Նախագահը մտադիր է հետագայում ևս օգտագործել վետոյի իրավունքը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի։
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները զգալիորեն մեծացնում են իրավապահ մարմինների կողմից գաղտնի քննչական գործողությունները, այդ թվում՝ գաղտնի հսկողություն իրականացնելու ժամկետները։
Հունիսի 9-ին Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները նախագահին կոչ էին արել վետո դնել օրենքի վրա։
Հիշեցնենք՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ դեռ ապրիլին էր ընդունել օրինագիծը։ Փոփոխություններին կողմ էր քվեարկել 77 պատգամավոր։