Թբիլիսիի Իսանի թաղամասում սկսվել են Ավլաբարի (Հավլաբար) հրապարակի և մետրոյի «Ավլաբարի» կայարանի հարակից տարածքի բարեկարգումն ու վերանորոգումը։ Փոխանցում է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Նախագծի համաձայն՝ կվերականգնվի մետրոյի «Ավլաբարի» կայարանի հարակից կանաչ պատը, ինչպես նաև Ավլաբարի և Երևանի հրապարակները։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայայի հետ ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին:
«Սկսել ենք Ավլաբարի հրապարակի վերականգնողական աշխատանքները։ Հայտարարել ենք Ավլաբարի հրապարակի ամբողջական վերանորոգման-վերականգնման մասին, որի աշխատանքներն արդեն սկսվել են։ Միաժամանակ կբարեկարգվեն Երևանի և Ավլաբարի հրապարակները, կկանաչապատվի տարածքը, կիրականացվի ծառատունկ։ Ավլաբարի հրապարակն ամբողջությամբ փոխված է լինելու»,- ասել է Կալաձեն։
Քաղաքապետը նաև նշել է, որ շատ շուտով կսկսվեն մետրոյի կայարանի նորոգման ու վերականգնման աշխատանքները: Կալաձեն հույս է հայտնել, որ աշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբեր: