Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքով՝ շատ ընկերություններ մոտ մեկ ամսվա ընթացքում հացը թանկացրել են 10 թեթրիով։
Ինչպես նշել է ասոցիացիայի ղեկավարը՝ ոմանք դա արտացոլել են հացի քաշով, ոմանք՝ գնով:
Դոլիձեն ասել է, որ վերջին շրջանում Ռուսաստանից ներկրվող ալյուրը թանկացել է 7-8 լարիով։
«Շուկայում դեֆիցիտ չկա։ Իմ տեղեկություններով, արդեն քիչ քանակությամբ ցորեն և ալյուր է ներկրվում։ Այնուամենայնիվ, գները շատ բարձր են: Օրինակ՝ ալյուրը, որը նախկինում արժեր 68-69 լարի, այժմ արժե 77 լարի։ Խոսքը առաջին կարգի ալյուրի մասին է, որով թխվում է հացը։ Ամենաբարձր որակի ալյուրն արժե ավելի քան 85 լարի»,- ասել է Դոլիձեն։
Դոլիձեն նշել է՝ երբ Ռուսաստանում ալյուր վաճառողները պարզեցին, որ Վրաստանում գործարանները չեն աշխատում, և այլընտրանք չկա, գները կտրուկ բարձրացան:
Ասոցիացիայի ղեկավարը նաև ասել է, որ չնայած հուլիսի 1-ից գազի առևտրային սակագնի կտրուկ բարձրացմանը, հույս ունի, որ մայրաքաղաքում էլ արտոնություններ կսահմանվեն հացի և հացաբուլկեղենի արտադրությունների համար։
Կարդացեք նաև՝
Գազի գնի բարձրացման հետ կապված՝ հացի որոշ տեսակներ կթանկանան