Հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց անցկացվեց «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման նախաձեռնած «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը:
Բազմամարդ հանրահավաքին հնչած հայտարարությունները լայն քննարկումների առիթ են դարձել:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասի խոսքով՝ երեկվա խաղաղ ու օրինական բողոքի ակցիան շատ հետաքրքիր էր, գերազանց մոբիլիզացիա և տոկունություն կար:
Նրա խոսքով՝ այն, ինչ Եվրամիությունն առաջարկել է Վրաստանին՝ եվրոպական հեռանկարը, շատ կարևոր առաջընթաց է։
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ասել է, որ Վրաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին, քանի որ «նրա ժողովուրդն է դա ասում»։
Ֆոն Կրամոնն այսօր տեսանյութ է հրապարակել՝ մակագրելով՝ «Սա եվրոպական սիրտ, եվրոպական արժեքներ և եվրոպական ապագա ունեցող ժողովուրդ է։ Ոչ մի քաղաքական կամ արտաքին ուժ դա չի կարող փոխել»։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության` «Վրացական երազանք» կուսակցության անդամ Բեքա Դավիթուլիանին նշել է, որ «հանրահավաքին մասնակցել են տարբեր կուսակցությունների ընտրողներ, այդ թվում՝ իր ընկերները, ովքեր «Վրացական երազանքի» ընտրողներ են»:
Դավիթուլիանիի խոսքով, հանրահավաքի կազմակերպիչները տարբեր կուսակցությունների հետ կապված մարդիկ են եղել.
«Դա հասարակության բավականին մեծ հատվածն էր, որը եկել էր ավելի շատ կուսակցական ծրագրերով»:
«Վրացական երազանք»-ի մեկ այլ պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն նույնպես համամիտ է գործընկերոջ հետ.
«Իսկապես, փորձեր կային որոշակի գործունեություն ծավալել նեղ կուսակցական նպատակներով»:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Սարջվելաձեն, շատերը հանրահավաքին եկել էին անկեղծ նպատակով՝ հայտնելու իրենց դիրքորոշումը, որն է` եվրոպական ապագան, սակայն նրանց մեծ մասը պայմանավորված էր նեղ կուսակցական շահերով։
Մեծամասնության անդամի խոսքով՝ «Վրացական երազանքը» 10 տարի է, ինչ հետևում է երկրի եվրոպական ուղուն:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին հանրահավաքից հետո գրել էր, որ հանրահավաքին մարզերից մոբիլիզացիա չկար, ժողովրդի` վրաց ազգի կամքը միանշանակ է, ինչը հստակորեն հաստատվեց հանրահավաքով։
«Ֆրանս-պրես» պարբերականը արձագանքելով ցույցին գրել է, որ տասնյակ հազարավոր վրացիներ դուրս են եկել փողոց՝ աջակցելու ԵՄ անդամակցությանը այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել հետաձգել Թբիլիսիին թեկնածուի կարգավիճակի տրամադրումը.
«Մոտ 60 հազար ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի դիմաց՝ ծածանելով Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները` «Տուն՝ դեպի Եվրոպա» կոչվող ցույցի ժամանակ»:
«Եվրոնյուզը» գրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի նպատակն էր ազդանշան ուղարկել Բրյուսելին՝ այն ֆոնին, որ ԵՄ առաջնորդներն այս շաբաթ պետք է մտածեն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալու մասին։
Ըստ՝ հրատարակության Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին առաջարկել «ԵՄ անդամակցության հեռանկար», կարգավիճակ, որն իրավական արժեք չունի։
Euractiv պարբերականն էլ նկատել է, որ Վրաստանի առաջատար դեմոկրատական խմբերը Թբիլիսիում կոչ են արել «առաջ Եվրոպա» հանրահավաք անցկացնել՝ «ցույց տալու վրաց ժողովրդի հավատարմությունը իր եվրոպական ընտրությանը և արևմտյան արժեքներին», և ստացել են երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը: