Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ չի նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ Մոլդովային։
Ըստ վարչապետի՝ նրանք ԵՄ թեկնածուի կարգավիճակ են ստացել, քանի որ երկու երկրներն էլ պատերազմի պատճառով «բարդ իրավիճակում» են հայտնվել։
Նշենք, որ Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի հունիսի 17-ի որոշմանն արձագանքել է միայն այսօր։
Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ բնակչության մոտ հարցեր կան այն մասին, թե «ինչու են Մոլդովան ու Ուկրաինան ավելի խրախուսվում»։
Ղարիբաշվիլիի խոսքով, «հեռանկարային առումով նրանք նույն ցուցանիշն ունեն»։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ գտնվում է ամենավատ վիճակում․ արդեն կորցրել է իր տարածքի 20 տոկոսը, և պատերազմը շարունակվում է։ Մոլդովան նույնպես շատ դժվար իրավիճակում է, եթե որևէ մեկը տուժել է այս պատերազմից, առաջիններից մեկը Մոլդովան է, քանի որ այն սահմանակից պետություն է, և կար փախստականների շատ մեծ հոսք, բազմաթիվ տնտեսական ու անվտանգային ռիսկեր զգալիորեն ավելացան Մոլդովայի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Գործադիրի ղեկավարը նշել՝ եվրոպացի առաջնորդները նույնպես հրապարակայնորեն հաստատում են այն փաստը, որ այս որոշումը կայացվել է, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է։
Վարչապետը շնորհավորել է բարեկամ ուկրաինացի և մոլդովացի ժողովրդին այս հաջողության կապակցությամբ և ցանկացել խաղաղություն։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաջողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալուն։
Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ կից պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար:
Կարդացեք նաև՝
Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին