Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Տեղեկությունը տարածում է ՎՐաստանի կառավարությունը:
Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի կառավարության անդամները Դիլիջանում աշխատանքային հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամների հետ։
Նշվում է, որ գործընկերները քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տիրող իրավիճակի և առկա մարտահրավերների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորության վրա։
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել երկու երկրների միջև ապագա համագործակցության և առկա սերտ ու բարեկամական հարաբերությունների խորացման համար։