Եվրամիության կայացրած որոշմանը, բացի ընդդիմությունից ու փորձագիտական շրջանակներից, արձագանքել են նախ իշխող թիմում: Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունը չի դժգոհում Եվրահանձնաժողովի կայացրած որոշումից:
Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ասել է, որ Եվրամիությունը հաստատել է այն առաջընթացը, որը գրանցվել է վերջին տարիներին Վրաստան-ԵՄ հարաբերություններում։
«Եվրամիության հրապարակած հանձնարարականը կարևոր ուղերձներ է պարունակում բոլոր երեք երկրների համար: Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է, որ Վրաստանը Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին եվրոպական ընտանիքի անբաժանելի մասն է՝ անդամակցելու հեռանկարով», — նշել է արգործնախարարը:
Դարչիաշվիլին ասել է, որ այս հանձնարարականով Եվրահանձնաժողովն առաջին անգամ պաշտոնապես հաստատեց, որ Վրաստանն անպայման կդառնա Եվրամիության անդամ:
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում «վարագույր քաշել»։
«Վարագույրը կքաշեինք, եթե եվրամիությունը չընդուներ մեր եվրոպական հեռանկարները։ Այս դեպքում մենք առաջ ենք շարժվել դեպի եվրամիություն, և այս իրավիճակում պարզ է, որ չնչին բանի համար «վարագույր չենք քաշելու», — ասել է Կոբախիձեն:
Կոբախիձեն Եվրահանձնաժողովի որոշումը համարել է մեծ քայլ դեպի եվրոպական ապագա։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 11-ին է սկսել խոսել «վարագույրի» մասին։ Սա նրա առաջին մեկնաբանությունն էր Եվրախորհրդարանի կողմից Վրաստանում լրագրողների անվտանգության մարտահրավերների վերաբերյալ բացասական բանաձևից հետո:
«Եթե որոշումն այդքան անարդար լինի, այդքան վիրավորական, ես ինձ իրավունք կվերապահեմ «քաշել վարագույրը» և կպատմեմ մեր ժողովրդին ամեն ինչ», — ասել էր Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր ընդունված որոշման համաձայն Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։
Թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի Եվրոպական խորհուրդը հունիսի 23-24-ին կայանալիք գագաթնաժողովում, որը բաղկացած կլինի ԵՄ անդամ պետությունների ղեկավարներից, Խորհրդի նախագահից և Եվրոպական հանձնաժողովի նախագահից։
Նշենք նաև՝ որպես կանոն, Եվրահանձնաժողովի կարծիքը կարևոր փաստաթուղթ է, սակայն Եվրոպական խորհրդի կողմից այն հաշվի առնելը պարտադիր չէ, և նույնիսկ հնարավոր է, որ վերջինս ընդունի եվրոպական գնահատականից տարբերվող քաղաքական որոշում։