վրաստանի պատգամավորներից մի քանիսը խոստովանել են , որ օգտագործել են մարիխուանա: Խորհրդարանականներին անսպասելի հացարդում է արել Ռուսթավի 2 հեռուստաընկերության թղթակիցը: Հարցվել են ինչպես խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության ներկայացուցիչները: «Երբևէ ծխե՞լ եք մարիխուանա, թե ոչ» հարցին պատգամավորների մեծամասնության պատասխանը դրական է եղել.
Ռոման Գոցիրիձե, Միացյալ ազգային շարժում. «Ես փորձել եմ Մուշթաիթիի այգում(այգի՝ Թբիլիսիի Դիդուբե թաղամասում), հետաքրքիր ոչ մի արդյունք, ամեն ինչ դրանով էլ ավարտվել է, ես գիտեի, որ առաջին և վերջին անգամն է լինելու: Իհարկե, ես ապաքրեականացման կողմնակից եմ»:
Դավիթ Բաքրաձե, խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ. «Ես փորձել եմ ուսանողության տարիներին, բայց ես մարիխուանայի սիրահար երբեք չեմ եղել: Մարիխուանայի օգտագործման համար մարդը չպետք է բանտում հայտնվի, իսկ ստուգումները չպետք է խիստ կերպով իրականացվեն, ինչպես հիմա է: Այս մասով ես ևս միանում են հասարակական կոնսենսուսին»:
Նուկրի Քանթարիա, խորհրդարանական մեծամասնության պատգամավոր. «Փորձել եմ, իհարկե: Դա 76 թվականն էր, Մոսկվայում էի, մեզ ադրբեջանցիները հյուրասիրեցին, հետո ինձ համար դժվար էր հյուրանոցիս համար հասնել, մենք ծիծաղում էինք, ինչի համար՝ չգիտեմ»:
Զազա Խուցիշվիլի. պատգամավոր, օպերային երգիչ. «Մի անգամ՝ համերգից առաջ ես էլ փորձեցի: Լավ էր, որ այդ համերգը մենք նկարահանել էինք, թե չէ բեմի վրա ես կարծոոմ էի, թե աշխարհում ինձ հավասար երգիչ գոյություն չունի»:
Գիգի Ծերեթելի, ՄԱՇ պատգամավոր. «Ես արդեն 27 տարի է՝ թողել եմ ծխելը, մինչ այդ, մարիխուանա օգտագործել եմ: Ապաքրեականացում պետք է տեղի ունենա»:
Ելենա Խոշտարիա, ՄԱՇ խմբակցության ղեկավար. «Անկեղծ ասած՝ ես ավելի շատ գինու սիրահար եմ, քան մարիխուանայի, բայց, այո, փորձել եմ»:
Մամուկա Մդինարաձե. «Վերջին անգամ 2000 թվականին եմ փորձել: Մի քանի անգամ եմ օգտագործել, չեմ կարող ասել, թե դա հրաշալի էր, ես հիացած էի: Թմրամիջոց օգտագործողին չպետք է հետապնդել: Դա սխալ մոտեցում է»:
Գիորգի Վոլսկի, մեծամասնության պատգամավոր. «Ես մարիխուանա օգտագործել եմ, երբ երեխա էի, չափահաս դառնալուց հետո նույնպես»:
Իրմա Ինաշվիլի, ընդդիմադիր պատգամավոր. «Ոչ, չեմ փորձել, բայց մենք( նկատի ունի «Հայրենասերների դաշինքը») ապաքրեականացման կողմնակից ենք»:
«Այլընտրանք Վրաստան» կախվածության հետազոտության կենտրոնի և Առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրում ավելի քան 4800 հարցվածներից 19,9%-ը՝ գոնե մեկ անգամ փորձել է մարիխուանա: Մարիխուանայի սիրահար տղամարդկանց միջին տարիքը 19-22-ն է, կանանց՝ 20-22-ը: Նվազագույն տարիքը՝ տղաների՝ 12, աղջիկների՝ 17:
Հիշեցնենք, որ վերջերս երկրում թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացնելու պահանջով հանրային մեծ ալիք է բարձրացել, ի պատասխան իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է զիջումների գնալ, սակայն թմրանյութերի օրինականացման մասին խոսք լինել չի կարող: Հնարավոր փոփոխությունները կարող են վերաբերել միայն երկրորդ անգամ օգտագործմանը՝ այս դեպքում չի բացառվում ազատազրկման վերացումը: