Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո վարչապետ Ալեքսանդր Անկվաբի թույլտվությամբ Էնգուրիի «անցակետում» սկսվել է Apsny Duty խանութի շինարարությունը։ Այս մասին տեղեկություն է տարածված սոցիալական ցանցերում և պաշտոնական աղբյուրներում՝ հրապարակված հրամանագրի հիման վրա։
Հարկ է նշել, որ վրաց մի շարք վերլուծաբաններ՝ անդրադառնալով խանութ բացման հարցին, սա կապում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքն ու Վրաստանի կողմից վերահսկվող տարածքն իրար կապող Էնգուրիի կամրջով ճանապարհի հավանական բացման հետ:
Աբխազիայի պետական մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Բեսլան Ցվինարիան իր հերթին ասել է, որ անցակետում խանութի բացումն անհրաժեշտ է, սակայն շինարարությունը որոշ հարցեր է առաջացնում․
«Կարծում եմ, դա վաղուց էր պետք, քանի որ միջազգային կազմակերպությունները, որոնք գալիս են Աբխազիա, բոլորն այս կողմից են գալիս, գալիս են ամենուր։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում է կայացվել այնտեղ նորմալ խանութ կառուցելու համար»։
Սակայն, ըստ նրա, ծագում են հարցեր. օրինակ՝ «Սա նշանակո՞ւմ է, որ ճանապարհը բացվելու է։ Քանի որ առանց դրա, այս խանութը չի կարող գործել», — ասել է Ցվինարիան։