Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի մայիսին նախորդ ամսվա համեմատ կենսապահովման մակարդակն աճել է 4,1 լարիով (մոտ 1,36 դոլար)։
Տվյալների համաձայն՝ անցած ամիս աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակը կազմել է 245,1 լարի (մոտ 82 դոլար), մինչդեռ 2022 թվականի ապրիլին կազմել է՝ 241 լարի (մոտ 79 դոլար)։
2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2022 թվականի մայիսին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակն աճել է 39,5 լարիով (մոտ 13 դոլար)։
Միաժամանակ, ըստ Geostat-ի՝ մայիսին ապրիլի համեմատ միջին սպառողի կենսապահովման մակարդակն աճել է 3,5 լարիով (մոտ 1,16 դոլար) և 213,5 լարիի (մոտ 71 դոլար) փոխարեն դարձել 217 լարի (մոտ 73 դոլար)։ 2021 թվականի մայիսին միջին սպառողի կենսապահովման մակարդակը կազմել է 182,1 լարի (մոտ 60 դոլար)։
Նշենք, որ կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը պարունակում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը: