Հունիսի 15-ից ցանկացած օտարերկրյա քաղաքացի Վրաստան մուտք գործելիս ազատվում է կորոնավիրուսի բոլոր կարգավորումներից, այդ թվում՝ պատվաստման վկայական, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պարտավորությունից:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։
Կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն Լուգար կենտրոն այցելության ժամանակ ասել է, որ ապատեղեկատվության քարոզարշավը քաղաքական պայքարի գործիք է և իրականության հետ կապ չունի։
Ուժի մեջ է մտել Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առանց վիզայի ռեժիմը:
Վրաստանի կողմից չվերահսկվող Ախալգորիի բնակիչները ժամերով հերթ են կանգնում «անցակետում», որպեսզի անցնեն Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք։
Թբիլիսիի պետական համալսարանը, (ԹՊՀ) չնայած ուսանողների խնդրանքին, հայտարարել է, որ քննությունները կանցկացվեն լսարաններում և քննական կենտրոններում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին հանրահավաքի է հրավիրել: Զուրաբիշվիլիի հայտարարությունը քննարկման առիթ դարձավ քաղաքական ուժերի կողմից, ավելին՝ այստեղ:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Palitra News-ի եթերում ասել է՝ եթե ռուսական ուժերը կարողանան գրավել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի շրջանը, ապա «սա կարող է վերջ տալ պատերազմին»:
Կոբախիձեի խոսքով՝ ընդդիմադիր հեռուստաընկերություններով «սև փողեր» են շրջանառվում։
Ըստ Կոբախիձեի՝ Զուրաբիշվիլիի երեկվա ճեպազրույցն ուղղված էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ։
Իռլանդիայի Սենատը Վրաստանի եվրաինտեգրմանը սատարող բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիությանը Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։
Վրաստանի պետական աուդիտը 2021 թվականին բացահայտել է բյուջեի 107 միլիոն լարիի խախտում (մոտ 36,5 մլն ԱՄՆ դոլար):
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի մայիսին նախորդ ամսվա համեմատ կենսապահովման մակարդակն աճել է 4,1 լարիով (մոտ 1,36 դոլար)։
Եվ վերջում՝ Ազգային բանկի կողմից հունիսի 14-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2.9631 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3.0923 լարի։