Իռլանդիայի Սենատը Վրաստանի եվրաինտեգրմանը սատարող բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիությանը Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Դուբլինը կարծում է, որ թեկնածուի կարգավիճակի շնորհումը կօգնի Վրաստանին ավելի մոտենալ ԵՄ-ին և շարունակել բարեհաջող իրականացնել բարեփոխումները։
«Իռլանդիայի Սենատն աջակցում է Եվրամիության ընդլայնմանը` միանալով եվրոպական նորմերն ու արժեքները կրող երկրներին, անկեղծորեն կատարելով Եվրամիության հանդեպ իրենց պարտավորությունները և շարունակելով իրենց ջանքերը եվրաինտեգրման ուղղությամբ», — ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Իռլանդիայի խորհրդարանի վերին պալատը նշում է այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին և շեշտում է, որ չափազանց կարևոր է աջակցել ասոցացման եռյակի անդամներին (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա)՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը.
«Գործընթացից որևէ երկրի դուրս մնալը կործանարար ազդեցություն կունենա եվրոպամետ տրամադրությունների վրա և Ռուսաստանին կանաչ լույս կտա այլ ապակառուցողական գործողությունների համար», — ասվում է Իռլանդիայի Սենատի ընդունած բանաձևում: