Այսօրվանից՝ հունիսի 15-ից, ցանկացած օտարերկրյա քաղաքացի Վրաստան մուտք գործելիս ազատվում է կորոնավիրուսի բոլոր կարգավորումներից, այդ թվում՝ պատվաստման վկայական, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պարտավորությունից:
Որոշումը հունիսի 14-ին կայացրել է Վրաստանի կառավարությունը: «Մեկուսացման և կարանտինի կարգերի մասին» օրենքում արված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից:
Պանդեմիայի մեկնարկից ի վեր Վրաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիները պարտավորություն ունեին ենթարկվել տարբեր կովիդ կարգավորումների:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրվանից՝ 2020թ. փետրվարի 26-ից, թեստավորման հիման վրա կորոնավիրուս արձանագրվել է 1 658 755 անձի մոտ. COVID-19-ից մահացել է 16 838 մարդ: