Անցած շաբաթվա ընթացքում (06-12.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք։ Առողջացել է 546 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։
Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հունիսի 13-ի հրամանով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ խթանիչ (booster) չափաբաժինը թույլատրվում է 50 և բարձր տարիքի բոլոր անձանց։
Սամցխե-Ջավախեթիում Ղրիմ-Կոնգո տենդով մարդկանց հիվանդացության դեպքերը հասել են 20-ի։
Եվրահանձնաժողովը Եվրամիությանը խորհուրդ կտա Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի դեպքում այնքան էլ համոզված չէ։
«Վրացական երազանքի» պատգամավոր Սոզար Սուբարիի խոսքով՝ «եթե նման որոշում կայացվի, դա կլինի անհասկանալի»:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված քննադատական բանաձևը հակասում է Եվրամիության արժեքներին։
Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ չէ Եվրամիության հետ հարաբերություններում նոր քայլի։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ռուսական ապատեղեկատվական հայտարարություններ է անվանում այն, թե ԱՄՆ-ը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում։
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխանցել է, որ Ռուսաստանը փորձում է փոխել իրականությունն ու ապատեղեկատվության միջոցով վերաշարադրել պատմությունը, սակայն այնուամենայնիվ նրանք չեն պատրաստվում երես թեքել գործընկերներից։
Դեգնանը հույս է հայտնել, որ Վրաստանի ղեկավարները կմիավորվեն հանուն երկրի ապագայի շահերի։ Դեսպանը նաև ասել է, թե ուրախ է տեսնել, որ վրացիները հետևում են իրենց կարգախոսին` «Ուժը միասնության մեջ է»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջին երկու տարվա ընթացքում Facebook-ի և Instagram-ի իր պաշտոնական էջերում 139 հազար 436 դոլար է վճարել գովազդի համար։
Մոսկվայում ծրագրված են խորհրդակցություններ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։
Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեի և Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Թուրքիայի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրին կավելացվի ծառայությունների առևտուրը:
Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում, Աջարիայում, Իմերեթում և Սամեգրելոյում Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից ձերբակալվել է 14 թմրավաճառ։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը առուվաճառքի արդյունքում դարձել է 2,9631 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0923 լարի։