Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ կառավարությունն իրեն թույլ չի տվել պաշտոնական այցով մեկնել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա, որտեղ պետք է հանդիպումներ անցկացներ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ։ Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը հեռարձակել է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
«Ուզում էի մեկնել Ֆրանսիա, Լեհաստան, հնարավոր է նաև Ուկրաինա, ում հետ ենք այս հարցում և ում պետք է երախտապարտ լինենք, քանի որ առանց Ուկրաինայի Վրաստանն այսօր չէր լինի ԵՄ թեկնածության գործընթացում, բայց այս նախաձեռնությունը ներկայացնելով ես հերթական մերժումը ստացա», — ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը նշել է, որ իրեն ասել են, թե կառավարությունն ամեն ինչ արել է Վրաստանի թեկնածությունը պաշտպանելու համար, ուստի ավելորդ ակտիվության կարիք չկա։
«Ինձ ասացին, որ, կառավարությունն ամեն ինչ արել է Վրաստանի թեկնածությունը պաշտպանելու համար և այլևս ավելորդ ակտիվության կարիք չունի։ Ես համարեցի, որ թերևս նպատակահարմար չէ, սա այն դեպքը չէ, երբ ես կարող եմ փրկել այս գործընթացը։
Ես ինձ պատասխանատու եմ համարում Սահմանադրության առաջ, քանի որ Սահմանադրության 78-րդ հոդվածն ինձ պարտավորեցնում է անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրաինտեգրման գործընթացն առաջ մղելու համար», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահը նշել է՝ չի հավատում, որ Վրաստանի համար գոյություն ունի այլ ապագա, քան եվրոպական ապագան։
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է առաջնորդի այս գործընթացում՝ ո՛չ Սահակաշվիլին, ո՛չ Գվարամիան, ո՛չ Իվանիշվիլին»,- միևնույն ժամանակ ավելացրել է Զուրաբիշվիլին։