Վրաստանը կարող է որոշիչ դերակատարում ունենալ հարևան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Այս մասի «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին։
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական երկխոսության հարցում երկրի իշխանությունների ակտիվ պատրաստակամության մասին հայտարարությունները՝ փորձագետը նշում է․
«Վրաստանը կարող է «խաղացող» դառնալ տարածաշրջանում, եթե դրա ցանկությունը լինի, սակայն ցանկությունը չկա: Վրաստանը միակ պետությունն է, որ բարիդրացիական հարաբերություններ ունի հարավային Կովկասի բոլոր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ»։
Ըստ կոնֆլիկտաբանի՝ Վրաստանը կարող է միջնորդ լինել շատ հարցերում, մասնավորապես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական հարաբերություններում․ այս երկրները տարբեր խնդիրներ ունեն միմյանց հետ, բայց լավ հարաբերություններ՝ Վրաստանի հետ.
«Եվ սա կարող է դառնալ առաջնային ֆակտոր, որ Վրաստանը լինի միջնորդ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և պահպանման համար, ինչպես նաև Կովկասում պաշտպանված լինի Հայաստանի ինքնիշխանությունը և այլն»:
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն, սակայն հակառակն է պնդում՝ Վրաստանն իր ռեսուրսներով կարևոր գործոն չէ տարածաշրջանում, չնայած աշխարհագրական լավ դիրքին:
«Միակ դերը, որ կարող է խաղալ Վրաստանը հայ-ադրբեջանական բանակցություններում տարածքի տրամադրումն է երկկողմ հանդիպումների համար»,- ասում է Վասաձեն:
Ըստ կովկասյան հարցերով փորձագետի՝ տարածաշրջանում խաղաղություն կարող են բերել միայն այն ուժերը, որոնք կարող են ազդել տարածաշրջանի պետությունների վրա, հետևաբար խաղաղություն կարող է բերել միայն Արևմուտքը, ԱՄՆ-ն:
Նրա խոսքով, այդ հարցում այսօր որոշակի դերակատարություն կարող է ունենալ նաև Չինաստանը, որը, սակայն, այս պահին հետաքրքրություն չունի կովկասյան տարածաշրջանի նկատմամբ:
Վրաստանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Գիորգի Բիլանիշվիլիի խոսքով, այն, ինչ կարող է անել Վրաստանը, դա Ադրբեջանի և Հայաստանի համար հաջողակ պետական մոդել դառնալն է։
Ըստ փորձագետի՝ դա ներառում է Վրաստանում ժողովրդավարական զարգացում, եվրաատլանտյան կառույցներին ինտեգրում։ Այս ամենի արդյունքում Վրաստանը պետք է փորձի օրինակելի մոդել դառնալ իր հարևանների համար՝ օգնելով նրանց մերձենալ Արևմուտքին։
«Վրաստանը փոքր պետություն է, ուստի կդժվարանա էական դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական բանակցություններում, հատկապես, որ չի մասնակցել և չի մասնակցում երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար ստեղծված ձևաչափերին։ Վրաստանի համար դժվար կլինի նաև որևէ նոր, արդյունավետ ձևաչափ ստեղծելը: Այնպես որ, թերևս պետք է կենտրոնանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարելավելու համար հարթակ տրամադրելու հարցի վրա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Բիլանիշվիլին:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին էլ ընդգծում է, որ այս փուլում Վրաստանի հնարավորությունները բավականին սահմանափակ են, թեև կան շատ կարևոր ռեսուրսներ՝ երկխոսության և համատեղ նախագծերի իրականացման տեսքով։
«Վրաստանը հավասարապես կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար, քանի որ այն երկու երկրների համար արտահանման հիմնական միջանցք է և արտահանման շուկաների հետ կապող հիմնական օղակ: Այս ամենին գումարվում է Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Վրաստանի հավակնությունները, ինչը զգալիորեն կմեծացնի Կովկասում արևմտյան ազդեցությունը»,- ասում է Մելաշվիլին:
Ըստ Մելաշվիլիի՝ այդ ազդեցության մեծացումը և Արևմուտքի շահերի խորացումը տարածաշրջանում խաղաղության հիմնական որոշիչն է և տարածաշրջանում բացասական դերակատարների ազդեցությունը չեզոքացնելու միակ միջոցը:
Նրա խոսքով, կարևոր է նաև Վրաստանի ներսում ունենալ քաղաքացիական ինտեգրացիոն գործընթացներ, բարձրացնել էթնիկ հայ և ադրբեջանցի քաղաքացիների ինտեգրման մակարդակը և ներգրավվածությունը վրացական պետության կյանքում.
«Եթե Վրաստանում հնարավոր լինի հաջող ինտեգրում և խաղաղ գոյակցություն ապահովել, դա կլինի օրինակ ողջ կովկասյան տարածաշրջանի համար»:
Մելաշվիլին նաև նկատում է, որ բավական սահմանափակ է Վրաստանի անկախ դերակատարումը հայ-ադրբեջանական հակամարտությունում։
«Ե՛վ տնտեսապես, և՛ ռազմական առումով Վրաստանը չունի բավականաչափ լծակներ ավելի ակտիվ դեր խաղալու հակամարտության կարգավորման գործում, սակայն ունի երկու կողմերի վստահության ռեսուրսը, ինչը մեծացնում է արևմտյան դրական ազդեցության ներուժը»,- նկատում է Մելաշվիլին:
Նա նաև ընդգծում է, որ այստեղ հիմնական հարցն այն է, թե արդյոք Արևմուտքը ցանկանում է ավելի ակտիվ ներգրավվել Կովկասում մինչև Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ավարտը։
Կարդացեք նաև՝