Կոչ են անում վճարել ուսանողների ուսման վճարը

Վրաստանի ընդդիմադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ է անում, որ կառավարությունը մեկ անգամ հոգա ուսանողների ուսման վարձը և ժամանակին ձեռնամուխ լինի նրանց ուսանողական հանրակացարանների խնդրի լուծմանը։

Այս մասին կուսակցության ներկայացուցիչները գրել են  Ղարիբաշվիլիին ուղղված նամակում, որը ստորագրված է խորհրդարանի վեց պատգամավորների կողմից։

Կուսակցության ներկայացուցիչները նամակում պարզաբանում են, որ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին գործազրկության ամենաբարձր մակարդակը 15-ից 24 տարեկան բնակչության շրջանում է։

Միաժամանակ, պատգամավորները նշում են, որ Վրաստանում զգալիորեն աճել են սպառողական բոլոր ապրանքների և ծառայությունների գները։

«Պարենը թանկացել է 22 տոկոսով։ Կոմունալ ծառայությունների գները թանկացել են 16 տոկոսով։ Տրանսպորտի գները թանկացել են 20 տոկոսով։

Բացի այդ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ, միգրացիայի բարձր տեմպերով պայմանավորված պահանջարկի ավելացմամբ, անշարժ գույքի վարձակալության գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83 տոկոսով։

Սոցիալական և տնտեսական ծանր վիճակն առանձնահատուկ բեռ է դնում երիտասարդների և առավելևս ուսանողների վրա»,- ասված է նամակում