ԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Դավիթ Զալկալիանին շարունակում է ճանաչողական հանդիպումները Միացյալ Նահանգներում Վրաստանի գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը տարածում է Զալկալիանիի ֆեյսբուքյան էջը:
Տեղեկության համաձայն՝ Զալկալիանին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Էստոնիայի և Թուրքիայի դեսպանների հետ։
«Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էտյենի հետ բանակցությունների ընթացքում կողմերը խոսել են Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիայի մասին։ Դավիթ Զալկալիանին նշել է եվրաինտեգրման հարցում Վրաստանի առաջընթացի արտացոլման կարևորությունը ԵՄ համապատասխան որոշումներում և ապագա ծրագրերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էստոնիայի դեսպան Կրիստիան Պրիկի հետ հանդիպմանը դեսպանը շեշտը դրել է տարածաշրջանում առկա զարգացումների և Վրաստանի եվրոպական հավակնություններին Էստոնիայի անսասան աջակցության կարևորության վրա․
«Էստոնիայի դեսպանը վերահաստատել է պաշտոնական Տալինի ամուր աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան նկրտումներին՝ նշելով, որ Վրաստանի եվրաինտեգրման խթանումը էական է հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո»:
Թուրքիայի դեսպան Մուրատ Մերկանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների դինամիկան, տարածաշրջանում առկա մարտահրավերները և տարածաշրջանային ապագա համագործակցությունը խորացնելու ծրագրերը։
«Դեսպանը երախտագիտություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Թուրքիայի անսասան դիրքորոշման, ինչպես նաև եվրաատլանտյան տարածքին Վրաստանի ինտեգրմանը Թուրքիայի ամուր աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Զալկալիանին ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել 2022 թվականի ապրիլի 4-ից: Նախքան այդ՝ նա զբաղեցնում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: