Եվրախորհրդարանում նախագիծ է ներկայացվել, որով հեղինակները Եվրահանձնաժողովին կոչ են անում դիտարկել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Ըստ նրանց՝ Իվանիշվիլին անձամբ է պատասխանատու Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակի և Ռուսաստանի հետ անորոշ հարաբերությունների համար։
«Մենք անհանգստացած ենք Կրեմլի հետ Իվանիշվիլիի անձնական և գործարար կապերով, որոնք որոշում են Վրաստանի գործող կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում»,- ասվում է նախագծի հեղինակ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հայտարարության մեջ։
Բանաձևի հեղինակները կոչ են անում անձնական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ։
ԵԺԿ-ն Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունն է, որը չի թաքցնում իր աջակցությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հանդեպ։
Բանաձևի նախագիծը քվեարկության կդրվի վաղը։