Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և ընդգծել այն քայլերը, որոնք Վրաստանը ձեռնարկել է Եվրամիությանը մոտենալու համար։
Ըստ Պապուաշվիլիի՝ Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերություններն ամրապնդվում են մի շարք լայնածավալ ու հաջողված բարեփոխումներով։
«Մեր հարաբերությունների բարելավվման օրինակներից են՝ Վրաստանի բարեփոխումներն ու ձեռքբերումները կոռուպցիայի դեմ պայքարում, բիզնես պրակտիկայի բարելավումը, մաքսային և հանրային ծառայությունների հիմնարար նորացումը և այլն»,- ասված է խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:
Պապուաշվիլին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ ձեռքբերումները եղել են Ռուսաստանի կողմից ագրեսիվ գործողությունների և վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին.
«Վրաստանը Եվրոպական էներգետիկական միավորման լիիրավ անդամ է 2017 թվականից: 2017 թվականից ունենք առանց վիզայի ռեժիմ, 2014 թվականին ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, և այդ ժամանակվանից ի վեր, կատարել է այդ համաձայնագրի 45 տոկոսը: Վրաստանը, համեմատած ԵՄ ամենամոտ երկրների՝ Մոլդովայի և Ուկրաինայի հետ, առաջատարն է Ասոցացման համաձայնագրի բոլոր երեք ՝ քաղաքական երկխոսության, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և ոլորտային/տնտեսական համագործակցության խորագրով բաղադրիչներում»:
Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի ձեռքբերումները և, որ ավելի կարևոր է, ապագա հաջողությունները Վրաստանին դարձնում են Եվրամիության ցանկալի խոստումնալից անդամ, հատկապես ԵՄ խաղաղության և անվտանգության քաղաքականության, էներգետիկ անկախության, ազատ շուկաների ընդլայնման և, վերջապես, մշակութային բազմազանության ոլորտներում:
Ըստ Պապուաշվիլիի՝ մարտահրավերները մնում են, սակայն երկրի զարգացման ուղղությունը հստակ ցույց է տալիս առաջընթացի ձգտումը, բարելավման հնարավորությունը և, առաջին հերթին, ԵՄ հարստացման և ամրապնդման ներուժը։