IDS Borjomi Georgia-ն արձագանքել է գործադուլ անող աշխատակիցների կողմից գործարանների արգելափակմանը:
Ընկերությունը նշել է, որ այս փուլում «Բորջոմիի» N1 և N2 շշալցման գործարանները գործում են նվազագույն բեռնվածությամբ միայն վրացական շուկայի համար, «արտահանման շուկաների մեծ մասում (80 տոկոս) իրավիճակն անորոշ է»։
«Ինչ վերաբերում է աշխատավարձերի ուշացումներին, ապա, ինչպես գիտեք, ընկերության հաշիվները սառեցված են, ինչի պատճառով մենք ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունենք, ուստի առաջին հերթին վարձատրվում են այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են արտադրական գործընթացում»,- ասել է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը։
Նշենք, որ ընկերության արհմիության ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ «Բորջոմիի» ղեկավարությունը աշխատանքի է ընդունել 10 նոր աշխատակցի՝ Ռուսաստանի քաղաքացիների, տեխնիկական սպասարկման համար, և որ նրանք «5-6 անգամ ավելի են վարձատրվել, այն դեպքում, երբ գործող աշխատակիցներին չեն վճարում 2 ամսվա աշխատավարձը»։
Հիշեցնենք, որ «Բորջոմի» գործարանների գործադուլ անող աշխատակիցները երկուշաբթի առավոտյան փակել են գործարաններ տանող ճանապարհը:
Տեղում մոբիլիզացված են ոստիկանները։ Չնայած Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների կոչին՝ ցուցարարները մնում են տեղում և շարունակում պիկետները։